Հակակակոռուպցիոն կոմիտեն ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին նոյեմբերի 6-ին արգելել է մեկնել երկրից, թեպետ դատարանները նրան այդ թույլտվությունը տվել էին, հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ որոշումը կապված է հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքների հետ, որոնք, Աշոտյանի պնդմամբ, սխալ թարգմանության արդյունք էին ու հետագայում, առերեսման ժամանակ, հերքվել էին: Նա տեղեկացրել է, որ Սարգսյանին մեղադրանք են առաջադրել։
Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան էին նախկին նախագահին Հակակոռուպցիոն կոմիտե հրավիրել։
«Երբ ամբողջ իրավապահ համակարգով այլևս ասելիք չես ունենում, բայց նախագահի ելքը ՀՀ-ից պետք է ամեն գնով սահմանափակել, օգնության են բերվում 2019 թվականից դարակներում պահված քսան-քսանհինգ տարի առաջվան վերաբերող մահացած մարդկանց ցուցմունքները»,- հավելել է նա։
Փաստաբանը նշել է, որ այդ ցուցմունքներից նույնիսկ ցուցմունք տվողն էր հրաժարվել 2019 թվականին` կենդանության օրոք, բացատրելով, որ իր ցուցմունքի ապաշնորհ թարգմանություն է կատարվել:
Գլխավոր դատախազությունը մարտին Սարգսյանին նոր մեղադրանք էր առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության 18 դրվագով, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 2 դրվագով և դրա իրականացմանը նպաստելու 3 դրվագով։ Նոյեմբերի 5-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր դատախազի՝ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։



























