Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները երեք պատանդի մարմին են փոխանցել Իսրայելին։ Նոյեմբերի 2-ի ուշ երեկոյան Կարմիր խաչի ներկայացուցիչների միջոցով դրանք հանձնվել Իսրայելին, հաղորդում է Reuters-ը:
Իսրայելի պաշտպանության բանակում հաստատել են լուրի իսկությունը։ Շուտով մարմինները կփոխանցվեն ընտանիքներին հուղարկավորության համար։
Հաղորդվում է նաև, որ երեք պատանդն էլ իսրայելցի զինվորականներ են։ Նրանք են գնդապետ Ասաֆ Համամին, կապիտան Օմեր Նեուտրան և ավագ սերժանտ Օզ Դանիելը:
Զինծառայողները զոհվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի վրա հարձակման օրը։
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 10-ից։ Համաձայնագրի շրջանակներում շարժման ներկայացուցիչներն Իսրայելին էին փոխանցել 20 պատանդի, որոնք պահվում էին Գազայի հատվածում: ՀԱՄԱՍ-ը նաև պարտավորվել էր հանձնել բոլոր զոհվածների աճյունները, սակայն ութ մարմին մինչ օրս գտնվում է Գազայում:
Իր հերթին՝ Իսրայելը բանտերից ազատ էր արձակել շուրջ 2000 բանտարկյալի՝ ինչպես նախկինում ահաբեկչության համար դատապարտված, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ ձերբակալված և առանց դատավարության բանտերում պահվող, ինչպես նաև հանձնել էր 360 պաղեստինցի զինվորականի մարմին:
Չնայած հայտարարված հրադադարին՝ Իսրայելը շարունակում է սահմանափակ հարվածներ հասցնել Գազայի հատվածին՝ պնդելով, որ դա անում է ի պատասխան իսրայելցի զինվորականների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումների: Պաղեստինյան անկլավի Առողջապահության նախարարությունը հայտնել էր հրադադարից հետո ավելի քան 220 մարդու մահվան մասին: Նշվում է, որ այս օրերին վիրավորվել է շուրջ 600 մարդ։






































