«Տաշիր» խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հակադարձել է նրան։
Կարապետյանը նշել է, որ հունիսին՝ մինչ քաղաքական գործընթացները, առաջարկել էին բնակչության համար սակագինը նվազեցնել 3 դրամով՝ դրական հաշվեկշռի հաշվին։
«Չնայած ՔՊ-ական կառավարիչ (Ռոմանոս Պետրոսյան-խմբ․) նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին իներցիայի շնորհիվ այս պահին ՀԷՑ-ում 6 մլրդ դրամի ավելացած գումար կա»,- բացատրել է Կարապետյանը։
Նրա տվյալներով՝ 2024-ին գրանցվել էր էլեկտրաէներգիայի մուտք մոտ 5 մլրդ կվտ, որից բնակչության գծով մուտքը կազմել էր 2130 մլրդ կվտ:
Մեսրոպյանի խոսքով՝ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 3 դրամով իջեցվել, չի համապատասխանում իրականությանը։
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նման առաջարկ երբևէ ՀԾԿՀ-ին չի ներկայացվել։
«2025-ի հունիսին ներկայացված առաջարկը վերաբերում էր ընդամենը 3,6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտի նվազեցմանը, ինչը սակագնի վրա կազդեր մոտ 0,2 դրամով»,- նշել է նա՝ հավելելով, որ նախկինում ներկայացրած առաջարկների ընդունման դեպքում սակագները կբարձրանային մինչև 3 դրամ։
Ըստ Մեսրոպյանի՝ լրացուցիչ 6 մլրդ դրամ շահույթը չի առնչվում ընկերության աշխատանքի արդյունավետությանը, այլ ձևավորվել է արտադրության և սպառման պլանային ու փաստացի տվյալների տարբերությունից։ Նա նշել է, որ ՀԾԿՀ-ն արդեն սկսել է համակարգի տարեվերջյան վերանայման գործընթացը, զուգահեռ՝ շեշտել, որ ցանկության դեպքում ՀԷՑ-ը կարող է սակագինը նվազեցնել իր շահույթի հաշվին՝ առանց հանձնաժողովի թույլտվության։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքից հետո իշխանությունը նախաձեռնել էր ՀԷՑ-ը պետականացնելու գործընթաց։ Հուլիսին Մեսրոպյանը չէր բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։
Հոկտեմբերի 28-ին Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել է սակագինն իջեցնելու առաջարկը՝ հաշվի չառնելով խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը, ինչը կարող էր հիմք լինել սակագնի իջեցման համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հոկտեմբերի 29-ի հայտարարությունից հետո, ուր նշել էին, որ ՀԷՑ-ի՝ սակագինն իջեցնելու հունիսի 6-ի առաջարկը մերժել են, քանի որ ցանկացել են սակագինը վերանայել տարեվերջին, «Տաշիր Կապիտալը» սակագինն իջեցնելու առաջարկով երկրորդ անգամ էր դիմել հանձնաժողով:






































