ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մեկնաբանել է, թե ինչու է մերժվել «Տաշիր» խմբի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անունից ներկայացված՝ 2025-ի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի գինը նվազեցնելու առաջարկը։
«Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել է առաջարկը՝ հաշվի չառնելով խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը, ինչը կարող էր հիմք լինել սակագնի իջեցման համար։
ՀԾԿՀ-ից նշել են, որ ՀԷՑ-ի առաջարկը ոչ թե սակագնի իջեցման, այլ սակագնի հաշվարկների վերանայման մասին էր, որը ներառում էր ինչպես 3,6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտի նվազեցում, այնպես էլ նախորդ 6 ամսվա ընթացքում իրականացված շուրջ 12 մլրդ դրամի ներդրումների հաշվառում։
Ըստ հանձնաժողովի՝ եթե միայն հաշվի առնվեր էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի ցուցանիշների շեղման գործոնը, ապա այն սակագնի վրա կունենար շուրջ 0,5 դրամ/կՎտժ նվազեցնող ազդեցություն։ Այս դեպքում, ըստ հանձնաժողովի, 12 մլն դրամ ներդրումների ներառմամբ՝ նվազեցումը կլիներ ընդամենը մոտ 0.2 դրամ/կՎտժ։
ՀԾԿՀ-ից ընդգծել են, որ ընկերության առաջարկը սպառողների համար սակագնի իջեցման նպատակ չի ունեցել, քանի որ ՀԷՑ-ի գրությամբ պատճառաբանել են նաև վարկային պայմանագրերով նախատեսված ֆինանսական ցուցանիշները ապահովելը։
Հանձնաժողովից հավելել են, որ սակագների վերանայումը կատարվում է միայն տարեվերջին, երբ հայտնի են ընկերությունների տարեկան ֆինանսատնտեսական արդյունքները։ Ըստ ՀԾԿՀ-ի՝ միայն էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման գործոնով, սակագնային տարին չլրացած, սակագների 2025 թվականի օգոստոսի 1-ից վերանայումը կլիներ սակագների չհիմնավորված նվազեցում, ընդամենը 0,2 դրամով, իսկ հետո կարող էր հանգեցնել սակագների բարձրացման։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքից հետո իշխանությունը նախաձեռնեց ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն գործընթաց։
Հուլիսին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չէր բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Հուլիսի 18-ին ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ, և նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Կառավարությունն արձագանքել էր՝ նշելով, որ թեպետ հարգանքով են վերաբերում օտարերկրյա արբիտրաժների որոշումներին, բայց բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով։





































