Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի ձերբակալությունից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թերթի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացվել է, որ իր կողմից ղեկավարվող հոգաբարձուների խորհուրդը համալսարանում լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, ներառյալ՝ պայմանագիր, որտեղ առկա է Անդրեասյանի ստորագրությունը:
«Անդրեասյանը խուճապի է մատնվել, կանչել է ԿԳՄՍՆ աշխատակազմին, քարտուղարին՝ հասկանալու համար, թե ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը: Երկար ժամանակ քննարկում է տեղի ունեցել, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները հեռացել են նախարարի աշխատասենյակից»,- գրել է թերթը։
Ավելի վաղ համալսարանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից ռեկտորի լիազորությունների կասեցումից հետո Կրթության և նորարարության զարգացման ազգային կենտրոնի կրթական նորարարությունների և հետազոտությունների բաժնի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը, ինչպես նաև համալսարանի մի շարք աշխատակիցներ։
Անդրեասյանը հայտնել էր, որ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը որոշել է կասեցնել Գևորգյանի լիազորությունները։






































