Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար Բրեդ Քուփերի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Ալիևը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված փաստաթղթերը «լայն հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի զարգացման համար»։
Քուփերը նաև հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը, ըստ տեղեկությունների, քննարկել են «Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմական համագործակցության նոր հեռանկարները»։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:






































