Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին 99-ամյակի կապակցությամբ, հայտնել է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Մելիքբեկյանը շեշտել է Սիմոնյանի անգնահատելի ներդրումը ֆուտբոլի զարգացման գործում։
«Երկար տարիների ընթացքում ֆուտբոլի Ձեր նվիրումը մշտապես փայլուն օրինակ է հանդիսացել ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներին։ Ֆուտբոլիստի և մարզչի Ձեր կարիերայի նվաճումները ոսկե տառերով են գրվել համաշխարհային և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Անգնահատելի է Ձեր ավանդը հայկական ֆուտբոլի մեծ նվաճման՝ «Արարատ-73»-ի հաղթանակի գործում»,- նշել է Մելիքբեկյանը:
Հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Սիմոնյանին ՌԴ աշխատանքի հերոսի բարձր կոչում էր շնորհել։
Սիմոնյանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Մոսկվայի «Կռիլյա Սովետով» և «Սպարտակ» ակումբներում։ «Սպարտակի» կազմում նա 4 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1952, 1953, 1956, 1958) և 2 անգամ՝ գավաթակիր (1950, 1958)։ Համարվում է «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն՝ 160 գոլով։ 1992-1998 թվականներին հանդիսացել է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահը, այնուհետև՝ փոխնախագահը։
Չնայած իր հիմնական կարիերան կապվում է Մոսկվայի ակումբների հետ՝ Սիմոնյանն ակտիվորեն մասնակցել է հայկական ֆուտբոլի զարգացմանը։ 1970-ականներին նա մեծապես աջակցել է Երևանի «Արարատ» ակումբին՝ հատկապես 1973 թվականին, երբ թիմը պատմական հաղթանակ էր տարել՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։





































