Քննարկվում է ՌԴ գլխավոր դատախազության հետ համատեղ քննչական խումբ ստեղծելու հարցը, որի նպատակը պետք է լինի Արցախի նախկին պաշտոնյա, ՌԴ «Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվոյի» աշխատակից Բորիս Ավագյանի մահվան հանգամանքների համակողմանի ուսումնասիրությունը, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Այդ մասին ասել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը։
Նշվում է, որ դատախազությունը չի պարզաբանել, թե ինչ քայլեր էին իրականացվել Ավագյանի կողմից ներկայացված արտահանձնման պահանջի վերաբերյալ, կամ արդյոք Հայաստանի համապատասխան կառույցները կապ էին հաստատել նրա հետ՝ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով։
Ավագյանի մարմինը սեպտեմբերի 24-ին հայտնաբերվել էր Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում։ Մահից ժամեր առաջ նա տեսաուղերձով հայտարարել էր, որ ցանկանում է արտահանձնվել ՀՀ ու չի խուսափում պատժից։ ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ հետախուզում էր հայտարարել Ավագյանի նկատմամբ՝ փողերի լվացման մեղադրանքով։
Նրա փաստաբան Նատալյա Չերնիկովան հայտարարել էր, թե չի հավատում իր պաշտպանյալի ինքնասպանության վարկածին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը բացառել էր սպանության վարկածը: ՔԿ-ից հայտնել էին, որ Ավագյանի մահվան դեպքով ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել։





































