Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է միջուկային հարցի շուրջ երկխոսության և հարցի դիվանագիտական լուծման, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Մենք երբեք չենք ձգտել ունենալ միջուկային զենք և դա ապացուցել ենք 2015 թվականին, երբ ստորագրեցինք Համապարփակ համատեղ գործողությունների ծրագիրը (ՀՀԳԾ) «5+1» խմբի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ»,- ասել է Արաղչին։
Նախարարը հիշեցրել է, որ չնայած ձեռք բերված համաձայնությանը, ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս է եկել այդ համաձայնագրից։ Նրա խոսքով՝ Իրանը ցավալի փորձ ունի ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում, իսկ 2025 թվականին, երբ բանակցությունները վերսկսվել էին, Իրանը ենթարկվել է հարձակման։
Արաղչին նաև նշել է, որ վերջերս Նյու Յորք է ժամանել արդարացի, հավասարակշռված և կառուցողական առաջարկներով՝ միջուկային ճգնաժամի դիվանագիտական լուծման նպատակով։ Սակայն այդ նախաձեռնությունները մերժվել են ԱՄՆ-ի և երեք եվրոպական երկրների կողմից, որոնք կիրառել են «սնեփբեք»՝ (մեխանիզմի վերականգնում)՝ է՛լ ավելի խորացնելով ճգնաժամը։
Իրանի արտգործնախարարը շեշտել է՝ Թեհրանը լիարժեք իրավունք ունի ուրանի հարստացման։ Նա ընդգծել է, որ երբեք չեն խախտել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (ՄԶՉՊ) և մշտապես գործել են միջազգային իրավունքի շրջանակներում՝ պահանջելով միայն իրենց օրինական իրավունքների իրականացում։
2025 թվականին Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցով հինգ փուլ բանակցություններն ավարտվել էին առանց արդյունքի՝ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունների և ամերիկյան զինված ուժերի հարվածների ֆոնին։ Սեպտեմբերի 23-ին Խամենեին արդեն հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունը «չի բխում երկրի ազգային շահերից», քանի որ ամերիկյան կողմը բանակցություններ չի վարում, այլ թելադրում է սեփական պայմանները։






































