Հիսուս Քրիստոսի հուշարձանի նախագիծը, որը նախատեսվում է տեղադրել Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա, ներկայացվել է Երևանում։
Հուշարձանի նախաձեռնող, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ արձանն արդեն պատրաստ է և բաղկացած է 4 կտորից:
Նախագծի մրցույթում ավելի քան 337 թեկնածուներից հաղթել է քանդակագործ Արմեն Սամվելյանը։ Նա նշել է, որ սեպտեմբերի 26-ին Հատիսի բարձունքում բոլորը կարող են միանալ և օգնել հուշարձանի տեղադրմանը, այժմ այդ վայրում կատարվում են հումանիտար աշխատանքներ։
«Տղայիս հետ ենք ընտրել տեղադրման վայրը՝ Հատիսի բարձունքը, որտեղից ամբողջ Երևանը երևում է։ Այնտեղ հոգի կա, շունչ կա։ Սկզբում որոշել էի՝ արձանի բարձրությունը 77 մետր պետք է լինի, հետո տեսա, որ ավելի բարձրը կա աշխարհում, ու վերջում ասացի, որ 101 մետր պետք է լինի և ամենահզորը»,- ասել է Ծառուկյանը։
Նա անդրադարձել է նաև քննադատություններին և նշել, որ դրանցից չի վիրավորվել: Գործարարի խոսքով՝ 98-99% ՀՀ քաղաքացիներ աջակցում են հուշարձանի տեղադրմանը, իսկ մնացածի նկատմամբ ժամանակը ցույց կտա, թե որքան լավ բան է կատարվել։
Ծառուկյան հիմնադրամը 2022-ի օգոստոսին հայտարարել էր Հիսուսի արձանի աշխատանքների մեկնարկի մասին, կառավարությունը թույլտվություն էր տվել արձանը կառուցելուն: Արձանի տեղադրման մասին Հայ Առաքելական եկեղեցին հայտնել էր, որ եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Armenia Today-ը նաև հարցում էր անցկացրել մայրաքաղաքում հասկանալու համար՝ արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են արձանի կառուցման մասին և ի՞նչ վերաբերմունք ունեն։
Սեպտեմբերի 4-ին Գագիկ Ծառուկյանը հայտնել էր արձանի տեղադրման աշխատանքների մեկնարկի մասին։





































