Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիներն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Թել Ավիվ, Աշկելոն, Աշդոդ և Էյլաթ քաղաքներում, ինչպես նաև Նեգևի անապատում իսրայելական թիրախներին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հութիների կողմից կազմավորված զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիային։
«Գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին, քանի որ իսրայելական և ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել հայտնաբերել և որսալ մի քանի անօդաչու թռչող սարք»,- ասել է շարժման խոսնակը՝ հութիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքով։
Սարիան պնդել է, որ «երեք անօդաչու թռչող սարք հարձակվել է Նեգևի երկու ռազմական օբյեկտի վրա, մեկական անօդաչու թռչող սարքեր հարձակվել են «Բեն Գուրիոնի» օդանավակայանի և Աշկելոնի տարածքում գտնվող կարևորագույն օբյեկտի վրա, ևս երկու անօդաչու թռչող սարք հարվածել է Աշդոդի տարածքում գտնվող կարևորագույն օբյեկտի»։ Նա նաև հաստատել է, որ Եմենի ապստամբները հարվածել են Էյլաթից հյուսիս գտնվող «Ռամոն» օդանավակայանին։
Օգոստոսի 28-ին իսրայելական ինքնաթիռները հարձակվել էին Եմենի մայրաքաղաք Սանայի վրա, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ։ Հարձակման արդյունքում սպանվել էր հութիների կողմից ձևավորված կառավարության ղեկավար Ահմեդ ալ-Ռահավին։ Սեպտեմբերի 1-ին հութիները հաստատել էին չճանաչված կառավարության ևս 11 անդամի մահը, որից հետո «Անսար Ալլահ»-ի առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հուսին սպառնացել էր ուժեղացնել Իսրայելի վրա հարձակումները։






































