Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Պաղեստին պետություն չի լինելու, հայտնում է Reuters-ը:
Սաարն այս հայտարարությունն արել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում՝ այդ հանդիպումը բնորոշելով որպես «շատ լավ»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հուլիսի 29-ին հայտարարել էր, որ Լոնդոնը սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը, եթե Իսրայելն «էական քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակը դադարեցնելու» և հրադադարի հասնելու համար: Նախքան այդ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիան և ևս 14 երկիր կոչ էին արել սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ճանաչել Պաղեստինը որպես պետություն:
2024 թվականի հունիսին Հայաստանը հայտարարել էր Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին և դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում։






































