Թուրքիայի արևելքում մեկնարկել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մաս կազմող նոր երկաթուղային գծի շինարարությունը, կայացել է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ ճանապարհը կկարողանա տարեկան տեղափոխել 5,5 միլիոն ուղևոր և 15 միլիոն տոննա բեռ։
«Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի կառուցմամբ մենք ձեռնարկում ենք «Զանգեզուրի միջանցքի» իրականացման ամենահստակ քայլերից մեկը, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար»,- հայտարարել է նա։
Միևնույն ժամանակ՝ Ուրալօղլուն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղության զարգացմանը։
«Բոլոր երկրների համար, հատկապես նրանց, ովքեր մասնաբաժին ունեն Միջին միջանցքում, սկսվում է միջազգային առևտրի ոսկե դարը»,- նշել է նախարարը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
Օգոստոսի 21-ին Ուրալօղլուն հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» շահագործման հանձնման դեպքում Պեկինից մինչև Լոնդոն ձգվող արևելք-արևմուտք գիծը կգործի ավելի արդյունավետ։





































