Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, Ալյասկայում, հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ավելի վաղ՝ շաբաթ երեկոյան, այս մասին գրառում էր արել Սպիտակ տան ղեկավարը։
«Ամերիկյան կողմը հենց նոր հայտարարեց Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև օգոստոսի 15-ին՝ ուրբաթ, Ալյասկայում հանդիպում կազմակերպելու համաձայնության մասին։ Ռուսաստանը և ԱՄՆ-ն մերձավոր հարևաններ են, նրանք սահմանակից են միմյանց։ Եվ լիովին տրամաբանական է թվում, որ մեր պատվիրակությունը պարզապես թռչի Բերինգի նեղուցով, և երկու երկրների առաջնորդների այդքան կարևոր և սպասված գագաթնաժողովը տեղի ունենա Ալյասկայում»,- ասել է Ուշակովը։
Այսպիսով, Պուտինը կլինի առաջին ռուս առաջնորդը, որը կայցելի Ալյասկա։ Նիկիտա Խրուշչովը, Լեոնիդ Բրեժնևը, Միխայիլ Գորբաչովը, Բորիս Ելցինը, Դմիտրի Մեդվեդևը բոլորն էլ այցելել են ԱՄՆ, բայց նրանցից ոչ մեկ երբեք չի եղել այս նահանգում։
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ անձնական հանդիպում ունենալ Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։
ՌԴ նախագահը օգոստոսի 6-ին Կրեմլում ընդունել էր ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին: Վերջինս բանակցություններն արդյունավետ էր որակել:



































