Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը ազատվել է աշխատանքից, և այդ պաշտոնը զբաղեցրել է ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրաքթարօղլուն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Համապատասխան որոշումները կայացվել են Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի նիստից հետո, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մեթին Թոքելը, որը նախկինում գլխավորել է 1-ին բանակը, դարձել է ցամաքային զորքերի նոր հրամանատար։ Բացի դրանից, Ռազմածովային ուժերի հրամանատար Էրջումենթ Թաթլիօղլուի և Ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադիօղլուի լիազորությունները երկարաձգվել են ևս մեկ տարով։
Գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսային նույնպես շնորհվել է բանակի գեներալի կոչում։ Էրսայը 2022 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։ Նշվել էր նաև, որ նա մասնակցել է 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը և կազմակերպմանը։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի Գերագույն ռազմական խորհուրդը բարձրացրել է 32 գեներալի և ծովակալի կոչում, իսկ 61 գնդապետի շնորհել է գեներալի կամ ծովակալի կոչում։ Թուրքիայի զինված ուժերում գեներալների և ծովակալների թիվը 316-ից կհասնի 332-ի։