Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի լրիվ օկուպացիայի ծրագրերը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ynet պորտալին։
Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է նման որոշմանը: Սակայն կառավարությունը հստակեցրել է, որ պատրաստ է անտեսել զինվորականների կարծիքը: «Մարտական գործողություններ կանցկացվեն նույնիսկ այն տարածքներում [Գազայի հատվածի], որտեղ պատանդներ են պահվում: Եթե Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը գոհ չլինի դրանից, նա կարող է հրաժարական տալ», – Ynet-ը մեջբերում է իսրայելցի պաշտոնյաներից մեկի խոսքերը:
Պորտալի տվյալներով՝ Իսրայելի քաղաքական ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ համաձայնագրի արդյունքում պատանդների ազատ արձակումն այլևս հնարավոր չէ այն պատճառով, որ բանակցությունները փակուղի են մտել։
Մինչ օրս Նեթանյահուն պաշտոնապես չի հայտարարել, որ Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել պաղեստինյան անկլավը։ Միևնույն ժամանակ, նա բազմիցս ընդգծել է, որ իր երկիրը մտադիր է ամեն դեպքում հասնել Գազայում պատերազմի հիմնական նպատակներին՝ ջախջախել արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմաքաղաքական կառուցվածքը և վերադարձնել գոտում պահվող բոլոր առևանգվածներին։
Գազայի շարունակվող պատերազմն սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հուլիսի 29-ին հայտարարել էր, որ ՄԹ-ն սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը, եթե Իսրայելն «էական քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակը դադարեցնելու» և հրադադարի հասնելու համար: Նախքան այդ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: