Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է Սյունիքի մարզում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ կրակելու վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 13:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ։ Գերատեսչությունն ադրբեջանական կողմին կոչ էր արել հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ իրենց ստորաբաժանումները կրակ չեն բացել նշված ուղղությամբ։
2025-ի գարնանն Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակում էր Սյունիքի ուղղությումբ, վերջինը մայիսի 29-ին էր՝ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն:
Մարտի 25-ին ՊՆ-ն հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։