Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում առնվազն չորս մարդ է զոհվել տաքսու վարորդների ցույցի և դրան հաջորդած անկարգությունների ժամանակ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Jornal de Angola թերթին:
Ցուցարարները պահանջում են իշխանություններից նվազեցնել վառելիքի գները։ Ըստ թերթի՝ վանդալիզմի գործողություններին մասնակցելու համար ձերբակալվել է 500 մարդ: Անկարգությունների ընթացքում թալանվել են խանութներ, վնասվել են բանկեր, գրասենյակներ, ավտոբուսներ և մեքենաներ:
Անգոլայում բողոքի ցույցերն սկսվել են դիզելային վառելիքի և բենզինի գների կտրուկ՝ 30%-ով բարձրացումից հետո, որը կառավարության կողմից այս ամսվա կեսերին վառելիքի սուբսիդիաների չեղարկման արդյունք էր:
Վառելիքի գների բարձրացման դեմ առաջին խոշոր ցույցը Լուանդայուն տեղի էր ունեցել հուլիսի 12-ին: Ոստիկանությունը դրանք ցրելու համար օգտագործել էր հատուկ միջոցներ, այդ թվում՝ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Հուլիսի 28-ին բողոքի ցույցը վերածվել էր խոշոր անկարգությունների, որոնք ուղեկցվել էին թալանով։
Վերջին օրերին ցուցարարները նոր պահանջներ են ներկայացրել։ Այժմ նրանք նաև պահանջում են կոմունալ վճարների սառեցում, էլեկտրաէներգիայի և ջրի գների նվազեցում, ինչպես նաև իշխանությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավում։ Ուսանողներն սկսել են միանալ բողոքի ցույցերին՝ պահանջելով ուսման վարձի նվազեցում։