Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախնական ստորագրման հնարավորության մասին: Այս մասին նա հայտարարել Է մամուլի ասուլիսի ժամանակ, որն ուղիղ եթերով հասանելի էր Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
«Կա նաև այդպիսի գաղափար։ Տեղի է ունեցել միջպետական հարաբերությունների հաստատման մասին Հայաստան-Ադրբեջան նախագծի տեքստի համաձայնեցումը, և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ: Մենք, ըստ էության, հայտարարված, թե չհայտարարված, այդ վերնագրի ներքո, թե այլ վերնագրի ներքո Ադրբեջանի հետ հենց այն ժամանակվանից սկսել ենք խորհրդակցությունները՝ ինչպե՞ս գնալ առաջ, ի՞նչ հնարավոր ճանապարհային քարտեզ կարող է լինել: Նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա, օրակարգում և դա մենյույի մեջ քննարկվող առկա տարբերակներից մեկն է, որը միայնակ չէ․ այն կարող է որոշակի պայմաններում լինել ընդունելի և որոշակի պայմաններում լինել իրատեսական կամ ոչ այդքան իրատեսական»,- պարզաբանել է վարչապետը։
Փաշինյանը հանրությանը հավաստիացրել է, որ Խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին Հայաստանը «ոչ մի հնարավորություն բաց չի թողնելու»: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ խաղաղությունը ստորագրելիս կառավարությունը ելնելու է ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից, իրավազորությունից և, ընդհանուր առմամբ, հաշվի է առնելու պետական շահերը:
«Քարնեգի» կենտրոնը հունիսի 30-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ն, փորձելով առաջ մղել խաղաղության գործընթացը, հնարավոր է փորձի համոզել Ադրբեջանին՝ հրաժարվել Հայաստանի սահմանադրության վերաբերյալ պահանջներից։ Հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն ներկայացրել է սեփական ծրագիրը Երևանին և Բաքվին՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 8-ին հույս էր հայտնել, որ հարավկովկասյան երկու երկրների միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ էին վարել հուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում: Բանակցությունները տևել էին ավելի քան հինգ ժամ։ Հայաստանի ԱԳՆ-ն հանդիպումը «հաջողված» էր անվանել և հայտարարել, որ այն կարող է լուրջ հիմք հանդիսանալ խաղաղ գործընթացի հետագա իրականացման համար: Middle East Eye հրատարակությունը հայտնել էր, որ Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն Դուբայում հուլիսի վերջին։
Մանրամասները՝ տեսանյութում։