ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։
Նա այլ մանրամասներ չի հայտնել՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ի զորու է դրան հասնել։
«Քարնեգի» կենտրոնը հունիսի 30-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ը, փորձելով տեղաշարժել խաղաղության գործընթացը, հնարավոր է փորձի համոզել Ադրբեջանին՝ հրաժարվել Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ պահանջներից։ Հայտարարվել էր, որ Թրամփի վարչակազմն արդեն ներկայացրել է սեփական ծրագիրը Հայաստանին ու Ադրբեջանին՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Բացի այդ, Middle East Eye հրատարակությունը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է հանդիպեն Դուբայում հուլիսի վերջին։
Բաքուն ամիսներ անց դեռ նախապայմաններ է առաջ քաշում պայմանագրի ստորագրման համար: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հուլիսի 7-ին կրկին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը:

























