Առնվազն 18 մարդ վիրավորվել է իռլանդական Ryanair ընկերությանը պատկանող ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Diario de Mallorca հրատարակությանը։
Դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով գիշերվա 02:00-ի սահմաններում։ Ryanair-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Պալմա դե Մալյորկա» օդանավակայանում՝ հաղորդելով ինքնաթիռում հրդեհի մասին։
Բժիշկները օգնություն են ցուցաբերել ինքնաթիռի 18 ուղևորի։ Նրանց մեծ մասը վիրավորվել է ինքնաթիռի թևերի վրա գտնվող արտակարգ ելքերի միջոցով տարհանման ժամանակ։ Վեց մարդ հոսպիտալացվել է։
Հրդեհի առաջացման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։