Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկօրյա հացադուլ են հայտարարել, հայտնել է Աջապահյանի պաշտպանների թիմը։
«ՀՀ սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին, հայտարարում ենք մեկօրյա հացադուլ»,- փաստաբանների միջոցով հայտարարել են արքեպիսկոպոսները։
Միքայել Սրբազանը հայտնել է, որ առողջ է մարմնով, հոգով և մտքով և ուրախ է Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար:
«Արդարության և ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք: Իմ օրհնությունն եմ հղում իմ կալանավորմամբ տրտմածներին և Աստծո նզովքին եմ հանձնում իմ կալանավորմամբ հրճվողներին»,- փոխանցել է Աջապահյանը:
Մայիսի 29-ից սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով։ Հունիսի 2-ին նա կասկածի տակ էր դրել Գարեգին Բ-ի կուսակրոնության ուխտի պահպանումը։ Մայր Աթոռից կոչ էին արել կասեցնել վարչապետի «անհեռատես և անօրինական քաղաքականությունը»:
Իշխանամետ ԶԼՄ-ում իբրև իշխանության զավթման պլանի փաստաթղթի հրապարակման վերաբերյալ նրա հայտարարությունից հետո խուզարկություններ ու ձերբակալություններ էին սկսվել, ուժայինները ներխուժել էին Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի և կաթողիկոսի՝ Էջմիածնի նստավայր: Գալստանյանը և նրա ևս 14 աջակիցներ կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով, Աջապահյանը՝ իշխանության զավթման կոչի համար: Նրանք մեղքը չեն ընդունում: