Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ստորագրել է համապատասխան օրենք, ըստ որի Թեհրանը դադարեցրել է համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օրենքը համարվում է ուժի մեջ մտած և պարտադիր կատարման համար: Գործակալությունը նշում է, որ հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի պատգամավորները հավանություն էին տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծի տեքստին, իսկ հունիսի 26-ին Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել էր այն:
Գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշումը Թեհրանն ընդունել էր Իրանի դեմ հունիսի 13-ից սկսած իսրայելական ռազմական գործողությունից հետո:
Իրանն իր դեմ ուղղված հարձակումից հետո սկսել էր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածել էր Իրանի երեք միջուկային օբյեկտի, ինչից հետո Թեհրանը հայտարարել էր Կատարում ԱՄՆ-ի բազայի վրա հրթիռային հարվածի մասին: Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել: