Հունիսի 25-ին «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում գրանցված էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի էլեկտրատնտեսության սպասարկման տիրույթից դուրս էր, հայտարարել է ՀԷՑ-ը։
Կառավարության հունիսի 26-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախորդ օրը մասնակցել էր հիպերմոլի բացման արարողությանը, որի ժամանակ այն հոսանքազրկվել էր։ Փաշինյանը նշել էր, որ դա կա՛մ հատուկ սաբոտաժ է, կա՛մ տեխնիկապես հագեցած չլինելու խնդիր։
ՀԷՑ-ից շեշտել են, որ «Հոմպլեքս»-ի սնուցումն ապահովվում է երկու ուղղություններից և դրանցից ոչ մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չի պատկանում։ Դրանցից մեկը պատկանում է «Կարիտաս» ընկերությանը, մյուսը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին, պարզաբանել է ընկերությունը։
Չնայած նրան, որ ընկերությունը վթարի վերացման որևէ պարտավորություն չուներ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վթարի ընթացքում գործի է դրել նորոգող 4 բրիգադների, որոնք վերացրել են վթարը, տեղեկացրել են ընկերությունից։
Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին հայտարարել էր, երբ ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները: Կարապետյանի հայտարարություններից հետո նրա տանը խուզարկություններ էին կատարվել։ Հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով։ Փաշինյանի հայտարարությանը հաջորդել էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԷՑ-ին խախտումների համար 10 մլն դրամ գումարի չափով տուգանելու որոշումը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին։ Կարապետյանին, ում ընկերությունը ՀԷՑ-ը գնելուց ի վեր շուրջ 700 մլն դոլար է հատկացրել էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, Փաշինյանը մեղադրել էր ժողովրդին վնաս հասցնելու և դիտավորյալ անջատումներ կազմակերպելու մեջ։
Կարդացեք նաև՝





































