Իշխանությունները մտադիր են Ազգային ժողովի արտահերթ նիստով պետականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
Կառավարության հունիսի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելու մտադրությունն ու հայտարարել, որ ԱԺ արտահերթ նիստով պետությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը։
««Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը, ԱԺ ՔՊ խմբակցությունը քննարկումներ են անցկացրել նաև կառավարության գործընկերների հետ: Համատեղ աշխատանքով օրենքի նախագիծ է մշակվել, արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, և շատ արագ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա։ Երբ պետությունն ստանձնի ՀԷՑ-ի կառավարումը, այդ կետից սկսած հետագա սցենարներն ավելի հանգիստ պայմաններում կքննարկենք»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը մայիսին նվազել է և ընդգծել, որ էներգետիկ համարագում խնդիրներ է արձանագրել։
«Ունենք խնդիրներ, այդ թվում՝ կապված էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ։ Երեկ մասնակցում էի Homplex հիպերմոլի բացման արարողությանը, որի ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, մարդիկ 70 մլն դոլարի ներդրում են կատարել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անցկացնել։ Անընդհատ խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավումից։ Այստեղ երկու տարբերակ կա. կա՛մ հատուկ սաբոտաժ է արվել, կա՛մ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ։ Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերն անցել են»,- հավելել է Փաշինյանը՝ նկատի ունենալով ՀԷՑ-ին։
Փաշինյանը ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին հայտարարել էր, երբ ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները: Կարապետյանի հայտարարություններից հետո նրա տանը խուզարկություններ էին կատարվել։ Հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով։ Փաշինյանի հայտարարությանը հաջորդել էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԷՑ-ին խախտումների համար 10 մլն դրամ գումարի չափով տուգանելու որոշումը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին։ Կարապետյանին, ում ընկերությունը ՀԷՑ-ը գնելուց ի վեր շուրջ 700 մլն դոլար է հատկացրել էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, Փաշինյանը մեղադրել էր ժողովրդին վնաս հասցնելու և դիտավորյալ անջատումներ կազմակերպելու մեջ։
Կարդացեք նաև՝