ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Նա խնդրել է չխախտել այն:
Ավելի վաղ Թրամփը շնորհավորել էր 12 ժամվա ընթացքում Իսրայելի և Իրանի միջև կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ լիակատար պայմանավորվածություն ձեռք բերելու առթիվ, որից հետո, ըստ նրա, պատերազմը կհամարվի ավարտված:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանն ագրեսիա չի դրսևորել և թույլ չի տա ագրեսիա իր նկատմամբ։
ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 13-ից իսրայելցի զինվորականները գործողություններ են իրականացնում Իրանի դեմ՝ հարվածելով նաև երկրի միջուկային օբյեկտներին, ինչին ի պատասխան՝ Թեհրանը ևս հարձակում է իրականացնում:
Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ, որի հետևանքով մի շարք երկրներ փակել էին իրենց օդային տարածքը։