ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ գործարքի, որը կհամապատասխանի Իրանի շահերին, սակայն ամերիկյան կողմը պահանջում է, որ նա հրաժարվի իր միջուկային հավակնություններից, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Հետագա իրադարձությունները կախված կլինեն նրանից, թե ինչ կորոշի Իրանը։ Եթե նրանք ընտրեն դիվանագիտության ուղին, մենք պատրաստ ենք։ Կարող ենք կնքել գործարք, որը լավ կլինի նրանց, իրանցի ժողովրդի, ամբողջ աշխարհի համար։ Եթե նրանք ընտրեն այլ ուղի, կլինեն հետևանքներ»,- ասել է ամերիկյան պետական քաղաքականության գերատեսչության ղեկավարը։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: Հունիսի 22-ի գիշերն ԱՄՆ-ն հարձակվել էր Իրանի երեք միջուկային օբյեկտի վրա։