Արհեստական ինտելեկտի մշակմամբ զբաղվող OpenAI ընկերությունը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) հետ՝ ԱՄՆ զինված ուժերի կարիքների համար արհեստական ինտելեկտի գործիքներ տրամադրելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։
Ինչպես տեղեկացրել է Պենտագոնը, պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար։ Այն կնքվել է, երբ OpenAI-ը հայտարարել է Anduril պաշտպանական տեխնոլոգիաների ստարտափի հետ համագործակցության մասին՝ ազգային անվտանգության առաքելությունների շրջանակում առաջատար ԱԻ համակարգերի ներդրման նպատակով։
«Այս պայմանագրի շրջանակում կատարողը կզարգացնի արհեստական ինտելեկտի առաջադեմ հնարավորությունների նախատիպեր ինչպես մարտական գործողություններում, այնպես էլ կառավարման ոլորտում ազգային անվտանգության կարևորագույն խնդիրները լուծելու համար»,- հայտարարել են Պենտագոնում։
Սա OpenAI-ի առաջին պայմանագիրն է, որը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում։
Հունիսի 11-ին Հայաստանի կառավարությունը և մասնավոր ներդրողները հայտարարել էին NVIDIA և Firebird ընկերությունների հետ համագործակցությամբ արհեստական ինտելեկտի կենտրոնի ստեղծման մասին, որի արժեքը կազմելու է 500 միլիոն դոլար։ Նախագիծը նախատեսվում է գործարկել 2026 թվականին։