Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Ֆրանսիայի արտաքին հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Նիկոլա Լերները խնդրել է երկրում մայիսի 18-ի նախագահական ընտրություններից առաջ «լռեցնել» ռումինացի պահպանողականների քաղաքական ալիքները։ Դուրովը նշել է, որ մերժել է առաջարկը։
«Ես կտրականապես հրաժարվեցի։ Telegram-ը չի սահմանափակի ռումինացի օգտատերերի ազատությունները կամ չի արգելափակի նրանց քաղաքական ալիքները»,- X-ում գրել է Դուրովը։
Մայիսի 4-ին Ռումինիայում տեղի էր ունեցել նախագահական ընտրությունների քվեարկության առաջին փուլը, որի արդյունքներով երկրորդ փուլ էին դուրս եկել «Հանուն ռումինացիների միասնության ալյանս» ծայրահեղ աջ կուսակցության նախագահ Ջորջե Սիմիոնը և անկախ թեկնածու, Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը։ Սիմիոնն առաջատար էր։ Մայիսի 18-ին Ռումինիայում անցկացվել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, պաշտոնական արդյունքները դեռ հայտնի չեն։