Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նա համերաշխություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին:
Իրանի նախագահին ուղղված հեռագրում նա զորակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին»,- ասվում է ուղերձում:
Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբբասի նավահանգստում ապրիլի 26-ին տեղի էր ունեցել պայթյուն։ Պայթյունի հետևանքով վնասվել էին Բանդար Աբբասի արևմտյան մասում գտնվող որոշ արդյունաբերական գործարաններ։ Նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 46 անձ զոհվել էր, 1072-ը՝ վիրավորվել։ Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել էր Իրանին։ Ապրիլի 28-ն Իրանում համազգային սգո օր էր հայտարարվել։