Այս պահին սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, կուտակումներ չկան, Ազգային ժողովում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերում կրակոցների մասին ահազանգերին։
«Ձեր մատնանշած կրակոցները ոչ նշանառու են, սակավաթիվ և անհասցե»,- նշել է փոխնախարարը՝ անդրադառնալով կրակոցների վերաբերյալ հրապարակումներին։
Նա հավելել է, որ եթե կուտակումներ լինեն, ՀՀ ԶՈւ-ի կողմից անվտանգային քայլեր կձեռնարկվեն, իսկ ՊՆ-ն անմիջապես կտեղեկացնի խնդրի մասին։
Ադրբեջանը մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք Պաշտպանության նախարարությունը հերքում է։ Ադրեջանի վերջին հայտարարությունը հերքվել էր ապրիլի 12-ին։
Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ, և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։
Մարտի 25-ին ՊՆ-ն հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Արդեն մի քանի օր անց՝ մարտի 31-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Սյունիքի սահմանամերձ Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո։