Ապրիլի 4-ին՝ ժամը 21:35-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արուճ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել, գրել է Shamshyan.com-ը՝ հղում անելով ՆԳՆ աղբյուրներին։
Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Արուճի դպրոցի մոտ նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Սամվել Հ.-ն իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից մի քանի կրակոց է արձակել գյուղի բնակիչ, 31-ամյա Ֆահրադ Հ.-ի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ասված է հրապարակման մեջ։
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության առիթ է դարձել ավտոմեքենան արագ վարելն ու իրար չզիջելը, ոստիկանությունը փնտրում է Սամվել Հ.-ին և հանցագործության գործիք հրազենը։
«Ավտոմեքենայում այդ պահին գտնվել է նաև Արուճ գյուղի բնակիչ, 20-ամյա Սերգեյ Ա.-ն։ Կրակոցների հետևանքով վնասվել է նշված ավտոմեքենայի հետևի հողմապակին, հետևի ձախ լուսարձակն ու անվաթևը։ Դեպքի փաստով քրեական ոստիկանության Արագածոտնի վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին»,- հավելել է կայքը։