Իրանն ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին նախազգուշացնում է, որ Թեհրանի դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն կհանգեցնի «լուրջ հետևանքների», «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանիի նամակում:
«Հավատարիմ լինելով միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման իր պարտավորություններին՝ Իրանը, միջազգային իրավունքին համապատասխան, վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը ցանկացած թշնամական գործողությունից։ Իրանի դեմ ագրեսիայի ցանկացած գործողության համար պատասխանատվություն կկրի ԱՄՆ-ն»,- ասվում է ՄԱԿ ԱԽ նախագահին և կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված ԻԻՀ մշտական ներկայացուցչի նամակում:
Մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ զինվորականներին հրամայել էր ռազմական գործողություններ սկսել հութիների դեմ և Իրանին կոչ էր արել անհապաղ դադարեցնել շարժմանն աջակցությունը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր «Անսար Ալլահի» դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին։ Թրամփն Իրանին սպառնացել է հետևանքներով՝ Եմենի շիական «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից նոր հարձակումների դեպքում։
2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների մեկնարկից ի վեր հութիներն սկսել են թիրախավորել Եմենի ափերի մոտ առևտրային նավերը: Հարձակումները կասեցվել էին 2025 թվականի հունվարին՝ շրջանում հրադադարի հաստատումից հետո: Իսրայելի կողմից Գազա մարդասիրական օգնության մատակարարումների շրջափակումից հետո հութիները մարտի 11-ին հայտարարել էին, որ կվերսկսեն հարձակումները Կարմիր և Արաբական ծովերով, Բաբ էլ-Մանդեբ նեղուցով և Ադենի ծոցով անցնող իսրայելական նավերի վրա: