Թուրքիան և Ադրբեջանը գազատար են գործարկել Իգդիր-Նախիջևան երթուղու երկայնքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Անկարայում տեսակապի միջոցով կայացած գազատարի բացման արարողությանը ներկա էին երկու երկրների նախագահները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ նախագիծը կապահովի Նախիջևանի էներգետիկ անվտանգությունը։ Նա ասել է, որ Ադրբեջանից գազը Թուրքիայի տարածքով կտեղափոխվի Նախիջևան՝ սվոփ մատակարարումների տեսքով։
80 կմ երկարությամբ գազատարը նախատեսված է օրական մինչև 2 մլն խմ գազ մատակարարելու համար։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է ապագայում գազատարի ընդլայնման հնարավորության մասին։
Իր հերթին՝ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Անկարան և Բաքուն ծրագրում են նաև Նախիջևանը Թուրքիայի հետ կապող էլեկտրահաղորդման գիծ կառուցել։