ԱՊՊԱ պայմանագրերն սպասարկող 6 ապահովագրական ընկերություններ 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել, հայտնում է Հայաստանի ապահովագրողների միությունը:
Միությունից մանրամասնել են, որ ապահովագրական համակարգն աշխատում է արտակարգ ռեժիմով, քանի որ փետրվարի 20-ից մեծ թվով ավտոպատահարներ են գրանցվել։
«Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանում փետրվարի 20-ից տեղացող առատ ձյան պատճառով դժվարությունների էին առաջացել հասարակական տրանսպորտով, ավտոմեքենայով տեղաշարժման հետ կապված։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի տվյալներով՝ Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել էր 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային։ Եղանակային պայմանների պատճառով դպրոցներում հետաձգվել էին փետրվարի 21-ի դասերը։