BBC-ի ադրբեջանական ծառայությունը դադարեցրել է Բաքվի գրասենյակի գործունեությունը, ասվում է BBC-ի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ կորպորացիան «հարկադիր որոշում» է կայացրել փակել իր գրասենյակն Ադրբեջանում՝ երկրի ԱԳՆ-ի բանավոր հրահանգով։
BBC-ն ընդգծել է, որ կորպորացիայի լրագրողները դադարեցրել են իրենց գործունեությունը Բաքվում՝ մինչև իրավիճակի պարզաբանումը, սակայն հրատարակությունը մտադիր է շարունակել ադրբեջաներենով հաղորդումները։ Նշվում է, որ BBC News ադրբեջանական ծառայությունը երկրում գործում է 1994 թվականից։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին, փետրվարի 13-ին BBC-ի ներկայացուցիչները տեղեկացվել են կորպորացիայի՝ որպես ներկայացուցչություն Ադրբեջանում գործելու «օրինական հիմքերի բացակայության» մասին։ Նշվում է, որ հավատարմագրում է տրամադրվել գրասենյակի 1 թղթակցի։
Փետրվարի 6-ին Ադրբեջանն արգելել էր USAID-ի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունը իր տարածքում, իսկ փետրվարի 14-ին երկրի իշխանությունները որոշել էին կրճատել Sputnik Азербайджан խմբագրության աշխատակազմը՝ 40-ից հասցնելով 1-ի։