Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եթե մեզ սպառնան, մենք էլ իրենց կսպառնանք։ Եթե նրանք կատարեն իրենց սպառնալիքները, մենք կպատասխանենք»,- ասել է Խամենեին Իրանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատարության հետ հանդիպմանը։
Նա նաև կտրականապես բացառել է Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը՝ վկայակոչելով փոխգործակցության նախկին փորձը, երբ ԱՄՆ-ն միջուկային համաձայնագիր էր կնքել Թեհրանի հետ, բայց չէր կատարել դրա պայմանները, այնուհետև միակողմանիորեն դուրս էր եկել պայմանագրից։
«Համաձայնագիրը նախատեսում էր պատժամիջոցների վերացում, սակայն դա տեղի չունեցավ։ Այդպիսի կառավարության հետ բանակցելը հիմարություն է և անազնիվ»,- ընդգծել է Խամենեին՝ հավելելով, որ Իրանը պետք է լուծի իր ներքին խնդիրները սեփական կառավարության աշխատանքով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերսկսելու մասին, այդ թվում՝ իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված միջոցառումները։ Միաժամանակ՝ նա հայտնել էր բանակցությունների և Թեհրանի հետ «հիանալի գործարք» կնքելու պատրաստակամության մասին։