2023 թվականին գումարտակի հրամանատարի տեղակալը նվաստացրել է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը՝ հասցնելով ինքնասպանության, հայտնել է Քննչական կոմիտեն։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։
ՔԿ-ի տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը տեղեկանալով, որ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից օգտագործված հեռախոսում հայտնաբերվել է վերջինիս և երկու այլ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութ, նվաստացրել է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը՝ նրա նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք գումարտակի անձնակազմի ներկայությամբ:
«Պարտադիր ժամկետային զինծառայողը գտնվելով ընկճված վիճակում, 2023 թվականի օգոստոսի 11-ին իրեն ամրացված ինքնաձիգով բերանի և քթի շրջանում արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառելով հրազենային մահացու վնասվածք՝ տեղում մահացել»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր զինծառայողի մահվան մասին։ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ինքնասպանության դրդելու համար։ Դեպքի առթիվ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն ժամկետային զինծառայող Գրանիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով տնային կալանքի էր ենթարկվել։