ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հանդիպմանը տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական բնույթի հրապարակումների առնչությամբ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ռուսական կողմն ընդգծել է 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի»,- ասվում է հաղորդագրությունում։
Այս կապակցությամբ, ըստ գերատեսչության, ռուսական կողմը տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ: Նշվել է հնչած մեղադրանքների բացարձակ անհիմն լինելը։
«Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի թեման քննարկելիս շեշտվել է պաշտոնական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը՝ տեղի ունեցած ողբերգության բոլոր հանգամանքները պարզելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
2024թ․ դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու օդանավակայանի մոտ։ Ինքնաթիռում 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ էին։ Ավիավթարի հետևանքով 38 մարդ էր մահացել, 29 փրկվածներ հոսպիտալացվել էին։
Ավելի ուշ ադրբեջանական և արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ կործանման պատճառն արձակված ռուսական «երկիր-օդ» հրթիռն էր, որի բեկորները պայթել էին ինքնաթիռի կողքին։ Դեկտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիևի հետ զրույցում ներողություն էր խնդրել ՌԴ օդային տարածքում AZAL ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար։