Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրմանը և ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկին ի պատասխան։ Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հայաստանի ինչի՞ն են պետք հավելյալ բարդություններն ու դժվարությունները։ ԱՊՀ երկրները և Բելառուսը, որքան գիտեմ, պատրաստ են օգնել Հայաստանին պահպանել այդ փոխգործակցությունը»,- նշել է Լեբեդևը՝ հավելելով, որ տարբեր փաստաթղթեր, որոնք ստորագրում են երկրները, միշտ չէ, որ ի վերջո՝ կյանքի են կոչվում։
2024 թվականի հոկտեմբերին Հայաստանը չէր միացել Մոսկվայում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդունված՝ «Եվրասիական անվտանգության ապահովման սկզբունքների մասին» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության մասին» երկու հայտարարություններին։ Երկրորդ հայտարարության մեջ, մասնավորապես, դատապարտվել էին ԱՄՆ-ի և ԵՄ երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները։
Այնուամենայնիվ, Հայաստանի և ԱՊՀ երկրների միջև տնտեսական համագործակցությունը շարունակում է ամրապնդվել. 2023 թվականի առաջին ութ ամիսներին ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 55%-ով, իսկ արտահանումը Հայաստանից դեպի այդ երկրներ՝ ավելի քան երկու անգամ։





































