Հաջորդ շաբաթ խորհրդարանում լսումներ կանցկացվեն, որին կմասնակցեն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ծնողները, հայտնում է «Ժողովուրդ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ ԱԺ լսումներին հրավիրվելու են նաև տարբեր գերատեսչությունների ղեկավարները՝ ԱԳՆ և ՊՆ ղեկավարները, ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Թերթը նշել է, որ ծնողներին հաջողվել է պայմանավորվել նոր լսումների մասին հունվարի 10-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպումից հետո։
«Հանդիպումն անցել է շատ լարված, զինծառայողների ծնողները խիստ վրդովված էին և խստորեն պահանջել են հստակ տեղեկատվություն տրամադրել իրենց որդիների ճակատագրի մասին»,- ասվում է հրապարակման մեջ։
Անհետ կորած զինծառայողների հարազատները 2024 թվականի դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ հանդիպում պահանջելով Քոչարյանի հետ։
Հարազատները նաև նշել էին, որ իրենց ակցիան որևէ քաղաքական բնույթ չի կրում։ Նրանք հայտարարել էին, որ պատրաստ են մինչև օրվա վերջ սպասել և փակ պահել պողոտան։
2024-ի օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։
ՀՀ Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016։