Մոսկվան դեռ պատրաստ է Երևանին և Բաքվին համակողմանի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա այսպես է մեկնաբանել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ հոկտեմբերի 21-ի հայտարարությունն այն մասին, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովն ընդհատել է իր նիստերը, քանի որ որոշ հարցերի շուրջ կոնսենսուս չկա:
«Այստեղ խոսքը ոչ թե հույսի կամ դրա բացակայության, այլ փոխընդունելի արդյունքի հասնելու, փոխընդունելի լուծում գտնելու մասին է, ինչը կբավարարեր և՛ Բաքվին, և Երևանին։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում այս ամբողջ ընթացքում նշված ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվել: Մենք պատրաստ ենք այսուհետ ևս համակողմանի աջակցություն ցուցաբերել գործընկերներին»,- ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում «կշահի ամբողջ տարածաշրջանը»։ Նա նաև հիշեցրել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերն այն մասին, որ «Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։
Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ Բաքվի կողմից հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը չվավերացնելու ռիսկեր չկան։ Նույնը օրը Գրիգորյանը «Ազատությանը» տեղեկացրել էր, որ ապաշրջափակման հարցով հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի նիստերը չեն շարունակվում, որովհետև, նրա խոսքով, կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս չկա։ Փոխվարչապետը նշել էր, որ «մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումն իմաստ չունի»։