Ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների մասով Թուրքիայի մեղադրանքին՝ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Էրդողանին հիշեցրել է հայերի ցեղասպանության մասին:
«Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող Թուրքիայի նախագահը Իսրայելի դեմ անհիմն մեղադրանքներ է ներկայացնում և «հպարտ» է, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր: Մենք հիշում ենք հայերին և քրդերին: Ձեր պատմությունն է դա ասում: Իսրայելը պաշտպանում է իրեն: Մենք պաշտպանվում ենք ձեր բարբարոս դաշնակիցներից»,- գրել է նա X-ի իր միկրոբլոկում:
Ավելի վաղ Էրդողանը հույս էր հայտնել, որ Իսրայելը կդատապարտվի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Գազայի հատվածում իր գործողությունների համար, որոնք, ըստ նրա, ունեն ռազմական հանցագործությունների նշաններ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։





































