Չեռնոգորիայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում հայ շախմատիստները հաղթանակներ են տարել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Եվրոպայի թիմային առաջնության երրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին, իսկ կանանց թիմը 3.5:0.5 հաշվով հաղթեց Իտալիայի թիմին: Տղամարդկանց թիմին հաղթական միավորը բերեց Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ֆեդերաիայի փոխանցմամբ՝ կանանց առաջնությունում հաղթել են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է խաղացել:
Նշվում է, որ չորրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Իսրայելի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Շվեյցարիայի թիմի հետ:
Առաջնությունը բաղկացած է ինը տուրից և տեղի է ունենում Բուդվա քաղաքում նոյեմբերի 10-ից 21-ը։
Գաբրիել Սարգսյանը փետրվարին մտել էր Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակ։ Օգոստոսին Սամվել Տեր-Սահակյանը Նիդերլանդներում անցկացված շախմատի «Hz University of Applied Sciences Chess Tournament» մրցաշարում գրավել էր առաջին տեղը։ Հոկտեմբերին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոսկե մեդալներ էին նվաճել Սերբիայի առաջին լիգայում։