Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպմանը կարևորել է տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների մասնակցությամբ «3+3» ձևաչափով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության շուրջ, քննարկել են տարածաշրջանային համագործակցության հարցեր։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մտքեր են փոխանակվել նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ։
Նշվում է, որ ՌԴ ԱԽ քարտուղարը Բաքու է մեկնել՝ մասնակցելու ռուս-ադրբեջանական անվտանգության ծրագրված խորհրդակցություններին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել, ժամանակին ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։ Իր հերթին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ «3+3» ձևաչափով հանդիպման որևէ պայմանավորվածություն լինելու պարագայում Արտգործնախարարությունը կտեղեկացնի։

































