Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Եվրոպայում զգացմունքները գերակայում են բանականությանը, փոխանցում է IRNA գործակալությունը։
Աբդոլլահիանը, մեկնաբանելով Եվրախորհրդարանի կողմից բանաձևի հաստատումը, որը կոչ է անում Եվրամիության ղեկավարությանը ներառել ԻՀՊԿ-ին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, ընդգծել է՝ Իրանը նախապես զգուշացրել էր եվրոպացիներին, որ Իրանի դեմ ցանկացած գործողություն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ընդգրկումն ահաբեկչական կազմակերպությունների ցանկումկարող է բացասական մթնոլորտ ստեղծել հարաբերություններում։
«Հուսով ենք, որ ռացիոնալությունը կգերակայի Եվրամիության Նախարարների խորհրդում»,- ասել է նախարարը՝ նշելով, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հասկացրել է, որ Եվրախորհրդարանն էմոցիոնալ է և ցանկանում է հայտնել մտահոգությունը։
«Բանակցություններ եմ վարել Շվեդիայի արտգործնախարարի և պարոն Բորելի հետ, վստահեցրել են, որ նման հարց չի լինի ԱԳ նախարարների խորհրդի օրակարգում, բայց մենք չենք կարող լիովին վստահել այդ հայտարարություններին»,- ասել է Աբդոլլահիանը։
Նա ընդգծել է, որ եթե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառվի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, ապա անմիջապես հակաքայլեր կձեռնարկվեն տարածաշրջանի և աշխարհի զինված ուժերի դեմ։