ՀՀ Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին՝ որպես պաշտպան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթից հեռացնելը, ինչպես նաև նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը, նշված է Պալատի հայտարարության մեջ։
Սարգսյանին հուլիսի 22-ին հեռացրել էին Ծառուկյանին առնչվող քրեական վարույթից՝ թույլ չտալով շարունակել նրա պաշտպանությունը։ Միաժամանակ նրան վկայի կարգավիճակով հարցաքննության էին հրավիրել։ Սարգսյանի խոսքով՝ որոշման համար հիմք է հանդիսացել գործով տուժող ճանաչված Իրանի քաղաքացիներից մեկի հայտարարությունը, ըստ որի՝ փաստաբանը ներկա է գտնվել որոշ հանդիպումների և կարող է հարցաքննվել որպես վկա։
Փաստաբանների պալատում հայտարարել են, որ նախաքննական մարմնի գործողությունները փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ են պարունակում և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեն։
Պալատի խորհուրդը համապատասխան որոշում է ընդունել՝ դատապարտելով փաստաբանին առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի վարույթին մասնակցելուց ազատելը, նույն վարույթի շրջանակում նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը և նրանից փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը։
Խորհուրդը դատապարտել է նաև փաստաբանական գրասենյակի, բնակարանի, իրերի կամ տեղեկատվական կրիչների նկատմամբ այնպիսի հնարավոր գործողությունները, որոնք կարող են հանգեցնել փաստաբանական գաղտնիքի բացահայտմանը։
Խորհուրդը հորդորել է նախաքննական մարմնին անհապաղ վերանայել Սարգսյանին վարույթից հեռացնելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, ինչպես նաև ձեռնպահ մնալ նրան այն հանգամանքների վերաբերյալ հարցաքննելուց, որոնք հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցուցաբերելու կամ այդպիսի օգնության համար իրեն դիմելու կապակցությամբ։
Պալատը նաև հորդորել է զերծ մնալ փաստաբանական գրասենյակը, փաստաբանի բնակարանը, ավտոմեքենան, իրերը կամ թվային կրիչները խուզարկելուց, առգրավելուց կամ այլ կերպ ուսումնասիրելուց, եթե այդ գործողությունները վերաբերում են փաստաբանական գործունեությանն առնչվող հանգամանքներին։
Խորհուրդը պահանջել է ապահովել փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, թվային տվյալների և հաղորդակցության անձեռնմխելիությունը, ինչպես նաև վերականգնել մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը։
Փաստաբանների պալատի խորհուրդը նաև դիմել է ՀՀ դատախազությանը և Մարդու իրավունքների պաշտպանին՝ կոչ անելով պատշաճ վերահսկողություն իրականացնել փաստաբանի իրավունքներին, փաստաբանական գաղտնիքին և պաշտպանության իրավունքին միջամտող գործողությունների օրինականության նկատմամբ։ Խորհուրդը նաև իրավապաշտպան կազմակերպություններին և Հայաստանի միջազգային գործընկերներին կոչ է արել ստեղծված իրավիճակը պահել ուշադրության կենտրոնում։
Սարգսյանը հուլիսի 22-ին որոշումն անվանել էր «ապօրինության գագաթնակետ» և հայտարարել, որ իրեն վարույթից հեռացրել են այն բանից հետո, երբ առերեսման ժամանակ իր հարցերը կասկածի տակ են դրել տուժողի նախկին ցուցմունքները։ Փաստաբանը պնդել էր, որ պաշտպանության կողմն ունի Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները հերքող «անհերքելի ապացույցներ»։
Հուլիսի 24-ին Սարգսյանին որպես վկա կանչել էին Քննչական կոմիտե։






































