ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ավագ եղբոր՝ Ավետ Կոնջորյանի ծեծին նախորդել են գործարար տարաձայնությունները Նաիրի Հակոբյանի հետ, հայտնել է «Հետքը»։
Լրատվականի տվյալներով՝ Հակոբյանը նախկինում Կոնջորյանին ծանոթացրել է «Միլոն Մայնինգ» ընկերության սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի հետ։ Հետագայում Կոնջորյանը ղեկավարել է «Միլոն Ռիելթի» ՍՊԸ-ն, որը զբաղվել է «Միլոն Մայնինգի» կառուցած բնակարանների վաճառքով։
Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ Կոնջորյանին տնօրենի պաշտոնում նշանակելուց մոտ երկու տարի անց պարզվել է, որ նա բնակարանների գնորդների մի մասից հավելյալ գումարներ է վերցրել, ինչպես նաև ավտոկայանատեղիներ է վաճառել՝ այդ մասին չտեղեկացնելով ընկերության սեփականատիրոջը։
«Միլոն Մայնինգի» իրավաբան Լավրենտ Հարությունյանը հայտարարել է, որ վնասի ճշգրիտ չափը դժվար է որոշել, սակայն, նրա խոսքով, այն գերազանցում է 100 հազար դոլարը։ Նա նաև պնդել է, որ գնորդներից ստացված գումարների մի մասը չի մուտքագրվել ընկերության բանկային հաշվին։
Դրանից հետո, «Հետքի» տվյալներով, Բաբկեն Հովակիմյանը հանդիպել է Հայկ և Կոնջորյանների հետ ու հայտնել բացահայտված հանգամանքների մասին։ Հովակիմյանի խոսքով՝ ինքը չի պահանջել վերադարձնել գումարը, այլ 2025 թվականին Կոնջորյանին հեռացրել է աշխատանքից։
Կոնջորյանը չի մեկնաբանել «Հետքի» հրապարակած տեղեկությունները, պարբերականի զանգերն անպատասխան են մնացել։
Աշխատանքից հեռացվելուց հետո Կոնջորյանի և Հակոբյանի հարաբերությունները սրվել են։ Հակոբյանի հայրը՝ Սամվել Հակոբյանը, «Հետքին» հայտնել է, որ Կոնջորյանը բազմիցս եկել է իրենց տան մոտ, վիրավորել և սադրել իր որդուն։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն Armenia Today-ին հայտնել էր, որ Կոնջորյանի նկատմամբ հարձակման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությունն իրականացվում է մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելու և խուլիգանության հոդվածներով։ Գործի շրջանակում մեկ անձ է ձերբակալվել։
«Հետքի» տեղեկություններով՝ ձերբակալվածը Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միլոն Մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Հակոբյանն է։






































