Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի հարավարևմտյան շրջաններում մոլեգնող անտառային հրդեհն անվանել է «լիովին աննախադեպ»՝ հրշեջներին զգուշացնելով, որ կրակի դեմ պայքարը դեռ երկար կտևի, հայտնում է CNN-ը։
«Առաջիկա շաբաթները դժվար են լինելու։ Պետք է դիմանանք։ Մենք միասին կհաղթենք այս պայքարում»,- հայտարարել է Մակրոնը՝ հրդեհաշիջման աշխատանքների համակարգման կենտրոն կատարած այցի ժամանակ։
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Բորդոյի շրջանում, անցած շաբաթ բռնկված հրդեհն այրել է շուրջ 42 000 հեկտար։ Տարհանվել է մոտ 220 000 մարդ, այդ թվում՝ տեղի բնակիչներ և զբոսաշրջիկներ։ Կրակը ժամանակ առ ժամանակ վերածվել է ինքնասնուցվող կրակային փոթորկի և հասել Բորդոյի ծայրամասերից 15 կմ հեռավորության վրա։ Հրշեջներին հաջողվել է կասեցնել դրա տարածումը, սակայն իշխանություններն զգուշացրել են, որ քամին, երաշտը և սպասվող շոգը կարող են նոր բռնկումների հանգեցնել։
Ֆրանսիայում և Իսպանիայում հրդեհների պատճառով տարհանվածների ընդհանուր թիվը գերազանցել է 330 000-ը։ Իսպանիայի Ավիլա նահանգում Բուրգոհոնդոյի հրդեհն այրել է շուրջ 50 000 հեկտար և, երկրի կառավարության տվյալներով, դարձել Իսպանիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը։
Իսպանիայում տարեսկզբից այրվել էր 130 000, իսկ Ֆրանսիայում՝ ավելի քան 98 000 հեկտար տարածք, ինչը երկրի իշխանություններն անվանել էին պատմական ռեկորդ։
Ժիրոնդի հրդեհը մոտեցել էր Բորդոյին՝ ոչնչացնելով 42 000 հեկտար տարածք։ Փակվել էր Բորդոն Իսպանիային կապող A63 մայրուղու 60 կիլոմետրանոց հատվածը, իսկ քաղաքից հարավ երկաթուղային երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էր։
Հուլիսի 20-ին Ֆրանսիայի Վար դեպարտամենտում բռնկված մեկ այլ հրդեհի պատճառով տարհանվել էր ավելի քան 130 մարդ, այրվել՝ շուրջ 180 հեկտար տարածք։ Հուլիսի սկզբին նույն դեպարտամենտում հրդեհի պատճառով ճամբարներից տարհանվել էր 2200 մարդ։






































