Երևանի Իսակովի պողոտայում Lexus-ը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդուն, հայտնել է ՆԳՆ-ն։
Նախարարության տվյալներով՝ վթարի մասին հաղորդվել է հուլիսի 27-ին, ժամը 10:57-ին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը փորձել է հատել ճանապարհը չթույլատրված տարածքում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մահացածը «Վեոլիա ջուր»-ի 62-ամյա աշխատակից Սեդրակ Ի.-ն է, որը մաքրում էր կոյուղու խողովակի արտահոսքը։ Լրատվականը հայտնել է, որ այդ առավոտյան ընկերությունը բնակիչներից բողոքներ է ստացել Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիա փողոց տանող ճանապարհին կոյուղու խցանված դիտահորի պատճառով կոյուղաջրերի թափվելու մասին։
Հրապարակման տվյալներով՝ արտահոսքը կանգնեցնելիս աշխատակցին վրաերթի է ենթարկել 21-ամյա երևանցի Արսեն Խ.-ն իր Lexus-ով։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները արձաագրել են հետիոտնի մահը։
Հրապարակման տվյալներով՝ վարորդը դեպքի վայրից չի փախել, շտապօգնություն է կանչել և սթափության թեստ է անցել (գտնվել է սթափ վիճակում)։ Հարուցվել է քրեական գործ, իսկ մեքենան տեղափոխվել է քաղաքի հատուկ պահպանվող տարածք:






































